Միացյալ Նահանգների բանակի նախարար Դենիել Դրիսքոլը Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է ռուսական պատվիրակության հետ՝ քննարկելու ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու նախագահ Թրամփի վերջին ծրագիրը։ Թրամփի վարչակազմի որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ խաղաղության համաձայնագրում կատարված փոփոխությունները, որոնք մշակվել են Ժնևում ամերիկյան և ուկրաինական բանակցողների հանդիպումների արդյունքում, կարող են հանգեցնել նրան, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժի այն։               
 

Եթե պատի տակ դաշնամուր է դրված, մի օր անպայման կնվագի

Եթե պատի տակ դաշնամուր է դրված, մի օր անպայման կնվագի
27.11.2025 | 18:03

Դաշնամուրը մեր տանը կահույքից շուտ ա հայտնվել։ Դա էնքան վաղուց էր, որ շատ աղոտ եմ հիշում։ Տանն էդ ժամանակ նվագող չկար, բայց դա կարևոր չէր, դաշնամուրը պետք էր։ Ժողովուրդն ասում ա՝ եթե պատից հրացան ա կախված, մի օր անպայման կկրակի։ Նույնը կարելի ա ասել դաշնամուրի մասին՝ եթե պատի տակ դաշնամուր ա դրված, մի օր անպայման կնվագի։ Իհարկե, մեզնից ոչ մեկը Գլեն Գուլդ չդարձավ, բայց դաշնամուրը մեր տանը երբեք ձայնազուրկ չի եղել։

Մեր դաշնամուրը «Բելառուս» էր, որ էն տարիներին պրոլետարիատի նման մի բան էր։ Կային շատ ավելի ազնվական, թանկանոց դաշնամուրներ։

Օրինակ՝ կողքի հարևանը, որ երաժշտական դպրոցում սոլֆեջիոյի դասատու էր, «Պետրով» առավ, չնայած մեզնից շատ ավելի ուշ՝ կահույքից ու մնացած բաներից հետո։ «Պետրովը», որ չեխական էր, էն տարիներին մեծ հարգանք վայելող դաշնամուր էր։ Դե, երկու քույր էին ու երեխա չունեին, դրա համար էլ կարող էին իրանց ավելի թանկարժեք վայելքներ թույլ տալ։ Մեր տանն ուտող բերանները շատ էին, «Բելառուսը» մեր համար էր։

Շատ էին հպարտանում իրանց «Պետրովով», բայց ես մեր «Բելառուսը» հարյուր հատ «Պետրովի» հետ չէի փոխի։ Մեր «Բելառուսը» բարձր, զնգուն ձայն ուներ, իսկ իրանց «Պետրովը»՝ ցածր, խուլ։ Երբ նվագում էին, ասես մեկը բարձը լարերին սեղմած ուզում էր խեղդել մեղեդին։ Դրա վրա ես կյանքում չէի նվագի։

Իսկ նվագել ես սիրում էի։ Ճիշտ ա, պաշտոնապես դաշնամուր նվագել չսովորեցի, որովհետև «նվագել» բառը ինձ շատ էր դուր գալիս, բայց «սովորել» բառից դեպրեսիայի մեջ էի ընկնում։ Դրա համար էլ՝ առանց սովորելու էի նվագում։ Քանի որ սև ստեղները բարձր էին, ու դրանք սեղմելն ավելի հեշտ էր, իմ բոլոր նվագածները սև ստեղների գրկում էին տեղավորվում։ Ձախ ձեռքով ինչ-որ կրկնվող բաս էի նվագում սևերի վրա, իսկ աջով իմպրովիզացիա անում։ Կարող ա ժամերով տենց նվագեի։ Ինձ շատ էր դուր գալիս։ Դա ոչ մի կերպ չէր կարելի պրոֆեսիոնալ նվագ համարել, բայց ինձ բավարարում էր։ Նվագելիս ես մնացած մասը մտքում էի պատկերացնում, ու իմ հետ մի ամբողջ նվագախումբ էր նվագում, որ ինձնից բացի ուրիշ ոչ ոք չէր լսում։

Ուսանողական տարիներին դաշնամուրը կամաց-կամաց մոռացվեց, գիթառ էի նվագում։ Հետո ընկա գործերով ու դա էլ թողեցի։ Վաղուց ձեռքս ոչ մի երաժշտական գործիքի չի կպել։

Բայց ես մի բան գիտեմ՝ շատ մեծ իմաստություն կար նրանում, որ դաշնամուրը մեր տանը կահույքից շուտ հայտնվեց։ Արդեն տասնյակ տարիներ մատս ստեղներին չի կպել, հիմա տանը դաշնամուր չունեմ, բայց ես մինչև էսօր իմ բոլոր նյութական ու աննյութական իրերը ոչ թե պահարանում, այլ դաշնամուրի մեջ եմ պահում։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 732

Մեկնաբանություններ